top of page

ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ՊՈԼԻԿԻՍՏՈԶԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ (ՁՊՀ)

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը կանանց և աղջիկների շրջանում ամենահաճախ հանդիպող էնդոկրին խանգարումներից մեկն է։ Այն համարվում է անպտղության ամենատարածված, սակայն միևնույն ժամանակ՝ բուժելի պատճառներից մեկը։

ՁՊՀ-ի առաջացման մեջ ներգրավված են տարբեր գործոններ, և, ցավոք, գոյություն չունի մեկ հստակ պատճառ։ Հիվանդությունը բազմագործոնային է և պահանջում է համալիր մոտեցում։

Չնայած անվանմանը՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը չի նույնացվում ձվարանների կիստաների հետ։ Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում տեսանելի «մանր կիստաները» իրականում ձվարանների ֆոլիկուլներ են (ձվաբջիջներ), այլ ոչ թե իրական կիստաներ։

ՁՊՀ ունեցող կանանց մոտ հաճախ արձանագրվում են․

  • հորմոնալ դիսբալանս,

  • նյութափոխանակության խանգարումներ,

որոնք կարող են ազդել ընդհանուր ինքնազգացողության, ձվարանների ֆունկցիայի, օվուլյացիայի, արտաքին տեսքի և ինքնագնահատականի վրա։

Ախտանշանների դրսևորում

Ախտանշանները կարող են ի հայտ գալ դեռևս առաջին դաշտանային ցիկլից կամ դրսևորվել ավելի ուշ տարիքում։

Ախտորոշման չափանիշներ

ՁՊՀ ախտորոշումը համարվում է հաստատված, եթե առկա են ստորև նշված երեք ցուցանիշներից ցանկացած երկուսը

  • Ուլտրաձայնային հետազոտությամբ ձվարանների պոլիկիստոզի պատկեր՝ բազմաթիվ մանր ֆոլիկուլների առկայություն

  • Ձվազատման բացակայություն (անօվուլյացիա), անկանոն դաշտանային ցիկլ, անպտղություն

  • Արական սեռական հորմոնների լաբորատոր նորմայից բարձր մակարդակ և/կամ դրանց կլինիկական դրսևորումներ

Հնարավոր այլ ախտանշաններ

  • մաշկի յուղոտություն, ակնե՝ դեմքի, կզակի և մեջքի վերին հատվածում

  • մազերի որակի վատթարացում, մազաթափություն

  • մազերի հավելյալ աճ՝ դեմքի, կզակի, կրծքի և որովայնի շրջանում (հիրսուտիզմ)

  • քաշի ավելացում, ճարպակալում՝ հատկապես գոտկային հատվածում

  • մուգ պիգմենտացիա՝ պարանոցի, թևատակերի, կրծքերի տակ և աճուկային շրջաններում

  • հոգեբանական խնդիրներ՝ դեպրեսիա, տագնապ

Բուժման մոտեցումներ

ՁՊՀ-ի կառավարման հիմքում առաջնային նշանակություն ունի առողջ ապրելակերպը՝

  • հավասարակշռված և ճիշտ ընտրված սննդակարգ,

  • գրագետ և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն։

Բուժումը կարող է լինել․

  • դեղորայքային,

  • վիրահատական,

  • կամ համակցված,

և ընտրվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով համախտանիշի ֆունկցիոնալ տիպը, պացիենտի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը և ախտանշանների արտահայտվածությունը։

Դեղորայքային բուժման անհրաժեշտության դեպքում այն նշանակվում է միայն էնդոկրինոլոգի կողմից՝ պարտադիր խորհրդատվությունից հետո։

Ե՞րբ դիմել բժշկի

Խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի կամ գինեկոլոգի, եթե առկա են․

  • ակնե, մազակալում

  • անկանոն մենստրուալ ցիկլ

  • քաշի ավելացման կամ նիհարելու հետ կապված դժվարություններ

  • պոլիկիստոզ ձվարանների հայտնի ախտորոշում

  • ՁՊՀ առկայություն և հղիության պլանավորում

  • հղիության բացակայություն մեկ տարվա ընթացքում՝ ակտիվ պլանավորման պարագայում

Կարևոր նկատառում

Էսթետիկ մազահեռացման միջոցներից օգտվելիս պարտադիր է նախօրոք խորհրդակցել մասնագետի հետ։ Ոչ բոլոր լազերային տեխնոլոգիաներն են անվտանգ և թույլատրելի ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ունեցող կանանց և աղջիկների համար։

    bottom of page