ԳԼՅՈՒԿՈԶ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ
Գլյուկոզ տոլերանտության թեստը կիրառվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի եռակի որոշման համար՝ քաղցած վիճակում և գլյուկոզային ծանրաբեռնվածությունից հետո։
Ինչո՞ւ է այն կատարվում
ԳՏԹ-ն համարվում է միջազգային չափանիշներին համապատասխան կարևոր և պարտադիր հետազոտական մեթոդ։ Ցավոք, Հայաստանում այն հաճախ չի իրականացվում կամ իրականացվում է ոչ լիարժեք և ոչ ճիշտ ձևաչափով։
Թեստը հիմնականում կիրառվում է հղիության ընթացքում՝ գեստացիոն (հղիության) շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման կամ բացառման նպատակով։
Գոյություն ունի շաքարային դիաբետի մի ձև, որը զարգանում է բացառապես հղիության ընթացքում և կոչվում է գեստացիոն դիաբետ։ Դրա ժամանակին ախտորոշումը կենսական նշանակություն ունի ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջության և կյանքի պահպանման համար՝ կանխելով հնարավոր լուրջ բարդությունները։
Ինչպե՞ս է իրականացվում թեստը
Թեստի օրը հղի կնոջից երակային արյան նմուշառում է կատարվում երեք փուլով․
Առաջին նմուշառումը կատարվում է քաղցած վիճակում։ Դրանից հետո հղին 5–7 րոպեի ընթացքում խմում է շաքարաջուր՝ պատրաստված 75 գ չոր գլյուկոզայից և 200 մլ ջրից։
Երկրորդ արյան նմուշառումը կատարվում է լուծույթը խմելուց մեկ ժամ անց։
Երրորդ նմուշառումը կատարվում է լուծույթը խմելուց երկու ժամ անց։
Ե՞րբ է կատարվում հետազոտությունը
Եթե մինչև հղիության 24-րդ շաբաթը գլյուկոզայի ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում, ապա 24–28 շաբաթական հղիության շրջանում ԳՏԹ-ն պարտադիր պետք է իրականացվի բոլոր հղիների մոտ։
Ինչպե՞ս նախապատրաստվել թեստին
Թեստից առաջ առնվազն 8 ժամ անհրաժեշտ է չուտել և չխմել։
Խորհուրդ է տրվում հետազոտությունն անցնել առավոտյան ժամերին։
Թեստին նախորդող օրերին պետք է սնվել սովորական ռեժիմով՝ առանց սննդակարգի սահմանափակման։
Պետք է հաշվի առնել, որ գլյուկոզայի նորմատիվ ցուցանիշները տարբեր են հղիների և ոչ հղիների համար, ինչպես նաև կախված են արյան նմուշառման տեսակից՝ մազանոթային (մատից) կամ երակային։
Հղիների դեպքում պարտադիր է գլյուկոզայի որոշումը երակային արյան մեջ։ Քաղցած վիճակում երակային արյան գլյուկոզայի նորման պետք է լինի 5.1 մմոլ/լ-ից ցածր։
Մեր կենտրոնում գլյուկոզ տոլերանտության թեստը իրականացվում է բոլոր հղիների մոտ՝ անկախ գանգատների առկայությունից, կանխարգելման և վաղ ախտորոշման նպատակով։



















